10:56 | 25.09.14 | Նորություններ | 2583

Թողարկվել է Doing Business in Armenia բջջային հավելվածը

Գրանթ Թորնթոն Հայաստանը մշակել է «Doing Business in Armenia» հավելվածը, որը թողարկվել է iOS համակարգի սարքերի համար:

Հավելվածը մշակվել է Հայաստանում ներդրում անելու մտադրություն ունեցող գործարարների համար եւ նրանց տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարեւոր տեղեկատվություն, վիճակագրական եւ այլ տվյալներ:

Այն ներառում է երկրի քաղաքական եւ տնտեսական ոլորտների ամփոփ նկարագիր, քաղվածքներ օրենսդրությունից, օգտակար տեղեկություններ ներմուծման, արտահանման, փոխադրման եւ այլ բնագավառների վերաբերյալ, որոնք առնչվում են Հայաստանում բիզնես ձեռնարկելուն: Պարբերաբար թարմացվելով՝ հավելվածը օգտատերերին կհուշի օրենսդրական եւ այլ էական նշանակություն ունեցող փոփոխությունների մասին:

«Գիտակցելով արտասահմանյան ներդրումների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ մենք մշակել ենք այնպիսի հավելված, որը հնարավորություն կտա ներդրողներին ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանի, երկրի տնտեսական իրավիճակի մասին, ինչպես նաեւ ձեռք բերել տվյալներ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար օգտակար այլ առանցքային հարցերի շուրջ», - նշել է Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:

Հավելվածը նաեւ ներկայացնում է Գրանթ Թորնթոնի տեղական, տարածաշրջանային եւ համաշխարհային հրապարակումների ընտրանին, որ կարող է հետաքրքրել առհասարակ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր ոքու:

«Մեծ ոգեւորությամբ ենք մեկնարկում այս նախագիծը, որը Հայաստանի տնտեսության եւ գործարար ոլորտի զարգացման գործում մեր ընկերության մշտական մասնակցության մասն է կազմում: Եթե ուսումնասիրում եք նոր շուկաներ ձեր բիզնեսը ընդլայնելու համար, կամ արդեն որոշում եք կայացրել ներդրումներ կատարել Հայաստանում, ապա այս հավելվածը հենց ձեզ համար է»,- եզրափակել է Գագիկ Գյուլբուդաղյանը: