14:55 | 27.08.14 | Նորություններ | 3466
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» համագործակցության արդյունքում սահմանամերձ գյուղի բազմանդամ ընտանիքը նշել է իր բնակարանամուտը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության՝ կամավոր անդամագրված աշխատակիցները, Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը եւ ԱՄՆ-ից ժամանած «Գլոբալ Բիլդերս» կամավորական խումբը միավորել են ուժերը՝ սահմանամերձ Երվանդաշատ գյուղում Մուրադյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Մուրադյանների ընտանիքը Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում բնակություն է հաստատել 64 տարի առաջ: Երկար տարիներ Մուրադյանների բազմանդամ ընտանիքը ապրել է ժամանակին որպես մանկապարտեզ ծառայած եւ վերանորոգման ենթակա շինության մեջ: 2005թ.-ից նրանք սկսել են նոր տան շինարարությունը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել:
«Այստեղ յուրաքանչյուր քար դրվել է սիրով: Այդ սիրո մեջ կա նաեւ լուսավոր ապագայի հավատ: Կարեւոր է, հատկապես, այն, որ սահմանին ապրող գյուղացին զգա, որ ինքը մենակ չէ իր հոգսերի հետ, եւ որ տարբեր կազմակերպություններ ներկայացնող մարդիկ համախմբվել են, որպեսզի այս ընտանիքներն իրենց ամուր զգան իրենց հողի վրա: Այդ զգացողությունը նոր հաջողության հասնելու երաշխիք է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Շինարարական աշխատանքներին հաջորդել է նույն գյուղի մեկ այլ՝ Ղազարյանների ընտանիքի տան տնօրհնեքի արարողությունը: Այս ընտանիքն էլ ավելի քան 15 տարի ապրել է կիսակառույց տան մեջ՝ առանց տարրական հարմարությունների:
Հիշեցնենք, որ սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է այդ ծրագրի իրականացումը: Այս համագործակցության շնորհիվ` սահմանամերձ գյուղերի 25 ընտանիք տարեվերջին կվայելի հարմարավետ տանն ապրելու հնարավորությունը: