14:25 | 08.08.14 | Նորություններ | 3887

ԴիջիՔամփ 2014-ը կհամախմբի բիզնես գաղափարներով առանձնացող երիտասարդներին

Օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք հյուրատանը կկայանա ԴիջիՔամփ 2014 ձեռներեցության ամառային երկրորդ ճամբարը, որը նպատակ ունի համախմբել նորարարություններով հետաքրքրվող երիտասարդներին` ուղղորդելով նրանց դեպի սեփական բիզնեսի ստեղծումը:

«Ճամբարի մասնակիցները կստանան տեսական եւ կիրառական գիտելիքներ հարկային օրենսդրության, բիզնես մոդելավորման, շուկայագիտության, ֆինանսների ներգրավման, նոր ընկերությունների գրանցման,  նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացման, ինչպես նաեւ թիմային աշխատանքի կազմակերպման վերաբերյալ»,- ասել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միջոցառման գլխավոր գործընկերն է Beeline ընկերությունը: Հայաստանում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է, որ երիտասարդները մշտապես Beeline-ի ուշադրության կենտրոնում են:

«Մենք տաղանդավոր երիտասարդների համար մշտապես ստեղծում ենք հնարավորություններ` խրախուսելով հատկապես նրանց, ովքեր սեփական ուժերով են հասնում հաջողության:  Համոզված եմ, որ այս տարի եւս երիտասարդները կզարմացնեն իրենց նորարարական գաղափարներով, իսկ ձեռք բերված գիտելիքները նրանց հնարավորություն կընձեռեն նոր բարձունքներ նվաճել»,- ասել է Անդրեյ Պյատախինը: 

Հավելենք, որ նախատեսված դրամական պարգեւներից բացի, ճամբարում հաղթող թիմերը հնարավորություն կստանան մասնակցել հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք Էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին: