16:34 | 21.07.14 | Նորություններ | 4493

Orange Հիմնադրամի նոր ծրագրերը Տավուշի մարզում. Երիտասարդական կենտրոն Չինարիում եւ համակարգչային սրահ Զորականում

Այսուհետ Ադրբեջանի հետ սահմանակից Չինարի գյուղը կունենա համակարգիչներով եւ Orange-ի ինտերնետ կապով հագեցած իր Երիտասարդական կենտրոնը: Այն կդառնա այս հեռավոր գյուղական համայնքի հիմնական տեղեկատվական կենտրոնը, որտեղ կանցկացվեն համակարգչային ծրագրերի, ինտերնետ տեխնոլոգիաների եւ սոցիալական ցանցերի վերաբերյալ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ այսպիսով նպաստելով տեղի երիտասարդ բնակիչների առօրյայի բարելավմանը:

Երիտասարդական կենտրոն ծրագիրն իրականացվել է Orange Արմենիա հիմնադրամի կողմից դեռեւս 2012թ. մեկնարկած հատուկ նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն ընձեռել Orange-ի աշխատակաիցներին սեփական նախաձեռնությամբ իրականացնել բարեգործական ծրագրեր: Այս անգամ ծրագրի իրականացման համար դրամաշնորհը ստացել է Orange-ի Վաճառքի բաժնի աշխատակից Ռոմանոս Պետրոսյանը, ով ծնունդով Չինարի գյուղից է: Սա արդեն թվով վեցերորդ ծրագիրն է, որը Հիմնադրամը ֆինանսավորվում է Orange-ի աշխատակիցների կողմից առաջարկվող ծրագրերի հիման վրա:  

«Orange Հիմնադրամի գործունեության կարեւոր առանցքներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքները թվային աշխարհ ներգրավելու  գործընթացին, ինչը հատկապես կարեւոր է սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի պարագայում, ինչպիսին Չինարին է: Մեծապես տպավորված ենք այս համայնքի բնակիչների քաջությամբ, եւ մեր պարտքն ենք համարում նպաստել նրանց առօրյա կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին: Հպարտ ենք, որ մեր աշխատակիցները սրտացավ են հասարակության խնդիրներին եւ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ երկրում փոքր կամ մեծ փոփոխություններում եւ պատրաստ ենք աջակցել նրանց այդ նախաձեռնություններում», - ասել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Օրվա ընթացքում Orange Հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաեւ Զորական գյուղը: Այստեղ տեղի է ունեցել նոր համակարգչային սրահի բացման արարողությունը, որը ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում : Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն,  համակարգիչներով, տպիչ սարքով եւ հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Զորականի բնակիչների համակարգչային հմտությունները եւ առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները:

2010թ.-ից ի վեր թվով 22 համակարգչային սրահներ են բացվել Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում: