09:53 | 14.07.14 | Նորություններ | 1247

    Science Inc.-ը ձեռք է բերել Երեւանում գործող Inlight-ը

    Science Inc. ստարտ ափ ստուդիան հայտարարել է Երեւանում գործող Inlight ընկերության ձեռք բերման մասին:

    Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում:

    Inlight-ը գործարկել է iOS օպերացիոն համակարգով աշխատող նույնանուն մոբայլ հավելվածը. այն նորությունների ընթերցման ծառայություն է կանանց համար:

    Հավելվածը կանանց համար նախատեսված ամսագրի մոբայլ տարբերակ է: Այստեղ կարելի է գտնել հոդվածներ եւ խորհուրդներ նորաձեւության, գեղեցկության, հարաբերությունների, շոու բիզնեսի եւ հետաքրքիր այլ թեմաների մասին:

    InLight-ն իր գործունեությունը սկսել է ամսական բաժանորդագրությունից` սկզբնական շրջանում ունենալով մի քանի հարյուր բաժանորդ: Մեկ տարվա ընթացքում բաժանորդագրվածների թիվը հասել է 70 հազարի, ինչին հաջորդել է մոբայլ հավելվածի ստեղծումը:

    Գործարկումից ընդամենը մի քանի շաբաթ անց InLight-ը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնված հավելվածների շարքում: 

    Science ընկերության գլխավոր տնօրեն Մայք Ջոնսը նշել է, որ ընկերությունը կշարունակի աջակցել մոբայլ հավելվածին: Հայկական ընկերության ձեռք բերման հարցում գլխավոր նպատակը Science-ի ընկերությունների աջակցմանը միտված մոբայլ զարգացման թիմի ձեւավորումն է: Ջոնսի խոսքով, իրենք այս պահին կարիք ունեն թիմի, որը մասնագիտացած է մոբայլ հավելվածների վրա:

    Հենց այս պատճառով է Science-ն իրեն անվանում ստուդիա: Այն ոչ միայն ֆինանսավորում կամ խորհրդատվություն է տրամադրում ընկերություններին, այլեւ վարձակալում է թիմ, որը կարող է արտադրանք ստեղծել, ինչպես նաեւ այլ ծառայություններ մատուցել:

    Science-ի ներկայիս ընկերություններից են Dollar Shave Club-ը, DogVacay-ը եւ Delicious-ը: