14:06 | 16.05.14 | Նորություններ | 3122
Orange Հիմնադրամը եւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ներկայացրեցին «Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագրի շրջանակներում 2014 թվականի անելիքները:
«Օգնենք աուտիզմով երեխաներին» ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ին:
«Արդեն չորս տարի է, ինչ մենք համագործակցում ենք «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ: Այս համագործակցության շրջանակներում մեր կարեւորագույն նպատակներից մեկն է ստեղծել աուտիզմով երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ միջավայր, որը կնպաստի այս երեխաների լիարժեք ինտեգրմանը հասարակություն, կօգնի նրանց ծնողներին, ինչպես նաեւ աուտիզմի դեպքերի վաղ հայտնաբերման եւ բուժման համար առավել կատարելագործված միջոցներ հասանելի կդարձնի խնդրի հետ անմիջականորեն առնչվող բուժանձնակազմին եւ կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը», - ասել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
2014 թվականին ծրագրի շրջանակներում աուտիզմով եւ հաղորդակցման այլ խանգարումներով երեխաների համար նախատեսվում է ստեղծել ինտեգրված ծառայությունների մի համապարփակ համայնքային մոդել: Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկապարտեզն ու դպրոցը կհամապատասխանեցվեն նման երեխաների կարիքներին՝ համալրվելով անհրաժեշտ պարագաներով, համապատասխան գիտելիքներ եւ փորձ փոխանցելով աուտիզմով երեխաների կրթական գործընթացում ներգրավված դաստիարակներին եւ մանկավարժներին:
2014 ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի մայրերի եւ խնամակալների ուղեկցությամբ աուտիզմով եւ հաղորդակցման այլ խանգարումներով 16 երեխաների 14-օրյա հանգիստն Ապարանի ամառային առողջարանային ճամբարում: