12:45 | 12.05.14 | Նորություններ | 3235
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի (MNP) ներդրումը Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում դրական զարգացում է համարում:
«Այս ծառայությունն ոչ միայն սպառողին ընտրության ավելի մեծ հնարավորություն է ընձեռել, այլեւ խթանել է մրցակցային մթնոլորտը, թե հաճախորդի տեսակետից եւ թե բջջային կապի օպերատորների տեսակետից: Գործընթացը կազմակերպելիս հաշվի են առնվել առկա փորձի լավագույն օրինակները, ինչը թույլ է տալիս գործընթացը դրական գնահատել», - Մեդիամաքս-ին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը:
Խոսելով նոր ծառայության գործարկման հատ կապված ակնկալիքների մասին` նա ասել է, որ MNP-ն ուղղված է հաճախորդի համար հարմարավետ պայմաններ ապահովելուն եւ ընտրության հնարավորություն ընձեռելուն եւ ոչ թե շուկայի դերակատարներից որեւէ մեկի համար մրցակցային առավելության հնարավորություն ստեղծելուն:
«Այս փաստը քաջ գիտակցելով՝ մենք շուկայում զգալի տեղաշարժեր եւ զարգացումներ չէինք ակնկալում, ինչն էլ հաստատվում է շուկայում առկա ներկայիս իրավիճակով»,- ասել է ընկերության մամուլի քարտուղարը:
Վահե Իսահակյանը տեղեկացրել է, որ ծառայության գործարկումից հետո, ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխումների թիվն աննշան է եղել (994 բաժանորդ տեղափոխվել է ընկերության ցանց, 2 295-ն անցել են այլ ցանցեր):
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ից ի վեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունեցել է մոտ 58 000 նոր միացում: