12:24 | 08.05.14 | Նորություններ | 2188

Երեւանում ներկայացվել է Սթիվ Ջոբսի կենսագրականի հայերեն թարգմանությունը

Երեւան: Մեդիամաքս: Նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում պաշտոնապես ներկայացրել է Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի հայերեն թարգմանությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վալտեր Այզեքսոնի հեղինակած կենսագրականի հայերեն հրատարակությունը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իսկ թարգմանության ու հրատարակության աշխատանքներն իրականացվել են “Անտարես” մեդիա հոլդինգի կողմից:

«Ուրախ եմ ներկայացնել Սթիվ Ջոբսի կենսագրականը պատանի ընթերցողներին: Վստահ եմ, ձեզնից շատերը կկարդան այս գիրքն ու կոգեշնչվեն Սթիվ Ջոբսի անձնական օրինակով: Հայերը նորարարության ու ստեղծարարության ձգտող են եւ կարծում եմ հայաստանյան ընթերցողին այս գիրքը շատ կհետաքրքրի»,-  շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Գրքի հիմքում ընկած են շուրջ երկու տարվա ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված ավելի քան քառասուն հարցազրույցներ, ինչպես նաեւ հարցազրույցներ նրա ընտանիքի անդամների, ընկերների, ընդդիմախոսների, մրցակիցների, գործընկերների հետ:

Գիրքը հրատարակվել է 49 լեզուներով: Գրքի հայերեն տարբերակը  լույս է տեսել 1000 օրինակով: Այն բաժանվելու է Երեւանի եւ մարզերի գրադարաններին, դպրոցներին եւ բուհերին: