14:04 | 21.03.14 | Նորություններ | 4980

    ԱրմենՏել-ն ու Microsoft-ը ներկայացրել են անվճար կրթական հավելված Windows Phone-ի համար

    «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշ Beeline) Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ այսօր ներկայացրել են հայալեզու վիդեոդասընթացների անվճար կրթական հավելվածը` նախատեսված Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հավելվածը պարունակում է 10-15-րոպեանոց վիդեոդասընթացներ հայոց լեզվի քերականության եւ Microsoft-ի կրթական ծրագրերի մասին:

    «Մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հայալեզու կոնտենտի զարգացմանը: Հուսով եմ, որ այս ծրագիրը կխթանի հայալեզու բջջային հավելվածների զարգացումը Հայաստանում եւ բջջային նոր տեխնոլոգիաների ներդրումը կրթական ոլորտում», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

    Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ այս ծրագրի ստեղծմանն իր աջակցությունն է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, իսկ դասընթացները համապատասխանում են պետական կրթական ծրագրերին: 

    «Ինքս մի քանի դաս նայել եմ, վերհիշել եմ, շատ օգտակար էր: Դպրոց գնալու ճանապարհին աշակերտները կարող են այս հավելվածի օգնությամբ կրկնել իրենց դասը եւ լավ գնահատականներ ստանալ», - ասել է Գրիգոր Բարսեղյանը:

    Բացի այդ, նրա կարծիքով, հավելվածը շատ օգտակար կլինի Սփյուռքում բնակվող հայերի համար:

    Այս պահի դրությամբ հավելվածում ներկայացված են 7-8 դասարանների հայոց լեզվի քերականությանը եւ Microsoft-ի կրթական ծրագրերին վերաբերող վիդեոդասընթացներ:

    Գրիգոր Բարսեղյանը հավելել է, որ հետագայում հավելվածում կավելանան դպրոցներում դասավանդվող տարբեր առարկաների ծրագրերը, որոնք հասանելի կլինեն ոչ միայն բջջային հեռախոսներով, նաեւ այլ էլեկտրոնային կրիչներով: Վիդեո դասընթացները հասանելի են www.mlg.am կայքում, մոտ մեկ ամսից հավելվածը հասանելի կլինի նաեւ Market-ում: