16:23 | 13.03.14 | Նորություններ | 3285

Հայաստանում Beeline բաժանորդներին այսուհետ հասանելի է BlackBerry ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) սկսում է BlackBerry Enterprise Service 10 (BES 10) ծառայության տրամադրումը կորպորատիվ հաճախորդներին: Ծառայությունը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությունը, աշխատել հաճախորդի կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի եւ ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միեւնույն ժամանակ BES 10-ն ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։

BES 10–ի հիմնական տարբերությունը նախկին տարբերակներից կայանում է նրանում, որ ծառայությունը կարելի է օգտագործել ինչպես BlackBerry սմարթֆոնների, այնպես էլ Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: 

«BlackBerry Enterprise Service–ը հատուկ լուծում է կորպորատիվ հաճախորդների համար, եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են օգտվել այս ժամանակակից բիզնես–գործիքից, որն առաջարկում է գաղտնիություն եւ հարմարավետ հասանելիություն կորպորատիվ տեղեկատվությանը։ Հուսով ենք, որ այս լուծումը կօգնի մեր գործընկերներին բարձրացնել գործարար հաղորդակցության արդյունավետությունը եւ կխթանի բիզնեսի հետագա զարգացումը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ BlackBerry Enterprise Service–ն ինտեգրվում է MS Exchange եւ IBM Lotus Domino փոստային համակարգերի հետ, իսկ տվյալների փոխանցման գաղտնիությունն ապահովվում է հատուկ ալգորիթմների կիրառման եւ տրաֆիկի խտացման օգնությամբ։ BES 10–ից օգտվելու արտոնագիր կարելի է ստանալ BlackBerry ընկերությունից կամ պաշտոնական դիլերներից։  Beeline ցանցում BlackBerry ծառայության լուծումներից օգտվելու համար «ԱրմենՏել»  ընկերությունը չի գանձում որեւէ լրացուցիչ գումար։