17:53 | 05.03.14 | Նորություններ | 1198
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել համաշխարհային համբավ ունեցող "KASPERSKY LABORATORY" ընկերության ամենամյա "IT Security for the next Generation" խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանսի "Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ" փուլի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցել Մոսկվայում:
Կոնֆերանսին մասնակցության հայտ էր ներկայացրել 76 ուսանող եւ ասպիրանտ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի բուհերից: Նրանցից 15-ը, հաղթահարելով նախընտրական փուլը, մասնակցել են մրցույթին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ 15 մասնակիցներից 4-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից էին:
Հաղթողները 2014թ. հունիսին կմեկնեն Ստոկհոլմ՝ մասնակցելու կոնֆերանսի միջազգային եզրափակիչ փուլին: Այստեղ նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։