16:13 | 05.03.14 | Նորություններ | 3439
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ Բրիտանական խորհուրդը Հայաստանում հայտարարել են լավագույն գրախոսականի եւ «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթների մեկնարկի մասին։ Մրցույթներն անց են կացվում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։
Լավագույն գրախոսականի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մարտի 17-ը փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի վերաբերյալ գրել գրախոսականներ եւ ներբեռնել դրանք Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով: Գրախոսականները կգնահատեն կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները, լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա Apple iPad-ի, եւս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:
«Մեզ հետ, մեր կողքին» խորագրով ֆոտոմրցույթն անց է կացվում Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի պաշտոնական էջում: Մրցույթի գլխավոր հաղթողը կպարգեւատրվի լուսանկարչական ապարատով, իսկ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հետաքրքիր նվերներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հասարակությունում անհատների ներառության գաղափարն արտացոլող լուսանկար եւ մինչեւ մարտի 16-ն ուղարկել այն Norayr.Yerznkyan@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին։
«Մեզ հետ, մեր կողքին» մրցույթի հաղթողին կորոշի լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:
«ԱրմենՏել-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն հավատարիմ է մնում իր որդեգրած ռազմավարությանը եւ շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կյանքը դարձնում են ավելի լավ։ Մենք աջակցում ենք «Բրիտանական ֆիլմերի փառատոնին, քանի որ այն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այլ նաեւ կնպաստի հայ հասարակությունում առկա խնդիրների լուծմանը, իսկ փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները եւս մեկ յուրօրինակ հնարավորություն են մարդկանց ուշադրությունը սեւեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին եւ օգնության ձեռք մեկնել նրանց»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը։
Նշենք որ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթների մասին ծրագրին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.britishcouncil.am կայք։