15:25 | 26.02.14 | Նորություններ | 4771
«ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) եւ «Ամերիաբանկ» ընկերությունները հայտարարել են Beeline բաժանորդների համար առցանց վճարումների ծառայության մեկնարկի մասին։
«ԱրմենՏել» ընկերության հաճախորդներին այսուհետ ընձեռվում է հնարավորություն Beeline բոլոր ծառայությունների համար կատարել վճարումներն առցանց` MasterCard եւ VISA բանկային քարտերով։ Կապի ծառայությունների համար առցանց վճարումներն իրականացվում են www.beeline.am կայքում։ Վճարումն իրականացնելու համար բաժանորդը պետք է ունենա ցանկացած բանկի MasterCard կամ Visa բանկային քարտ, ավելին` նույնիսկ անհրաժեշտություն չկա, որպեսզի քարտապանը գրանցի վիրտուալ քարտ։ Այս ծառայությունից կարող են օգտվել նաեւ բոլոր նրանք, ովքեր ունեն ArCa վիրտուալ քարտ։
«ԱրմենՏելի եւ Ամերիաբանկի այս համատեղ քայլը կարելի է համարել լուրջ ներդրում Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում։ Առցանց վճարումների ծառայության մեկնարկը մեր գործընկերոջ հետ համատեղ ուղղված է Beeline ծառայություններն առավելագույնս հարմար դարձնելուն, քանի որ այժմ կապի ծառայությունների համար կարող են վճարել MasterCard եւ Visa բանկային քարտերի քարտապանները, նույնիսկ առանց վիրտուալ քարտի գրանցման»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կարեւորելով անկանխիկ գործառնությունների զարգացումը` Ամերիաբանկը մշակել է ծրագրային գործիք vPOS (վիրտուալ տերմինալ), որը հեշտացնում է առցանց առեւտուր իրականացնող կայքերում VISA, MasterCard եւ ArCa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը եւ հետագա սպասարկումը: ԱրմենՏելի եւ Ամերիաբանկի համատեղ նախաձեռնությունը նոր հնարավորություն է ստեղծում Beeline բոլոր ծառայությունների վճարներն առցանց ընդունելու համար: Առցանց գործարքների բարձր անվտանգությունն ապահովված է VbV (Verified by VISA) եւ 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով»,- նշել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Առցանց վճարումների ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է մուտքագրի իր բաժանորդային համարը, վճարման չափը եւ իր քարտի տվյալները www.beeline.am կայքի համապատասխան բաժնում, որից հետո գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։
Ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Ամերիաբանկը ստացել է Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագիր, որը հնարավորություն է տալիս VISA, MasterCard եւ ArCa քարտերով էլեկտրոնային առեւտրի կայքերում ընդունել վճարումներ` Visa-ի Verified տեխնոլոգիական ապահովման միջոցով: