15:57 | 29.01.14 | Նորություններ | 3431

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ կայացել է «Կարինե» օպերետի նոր բեմադրության պրեմիերան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ կայացել է դասական օպերետի հիանալի նմուշներից մեկի՝ «Կարինեի» նոր բեմադրության պրեմիերան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Տիգրան Չուխաջյանի անմահ օպերետի նոր բեմադրության համար հատկացրել է 10 մլն դրամ:

Հ. Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Չուխաջյանի այս գլուխգործոցին անդրադառնում է երրորդ անգամ: Բեմադրությունն իրականացրել են նշանավոր արվեստագետներ, ՀՀ ժողովրդական արտիստներ`Երվանդ Ղազանչյանը (ռեժիսոր), Յուրի Դավթյանը (դիրիժոր), ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը (բեմանկարիչ), ճանաչված խմբավար Շուշան Հովհաննիսյանը եւ անվանի բալետմայստեր Աննա Կարապետյանը: Ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները, սիմֆոնիկ նվագախումբը, քառաձայն երգչախումբը եւ բալետը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով ստանձնել է մշակութային այս գոհարի բեմադրման հովանավորությունը: Գեղագիտական դաստիրակության տեսանկյունից` անվանի կոմպոզիտորների գործերը հայ երիտասարդներին ներկայացնելը կարեւոր նշանակություն ունի մեզ համար: Արվեստը զգացմունքի բարձրակետ է, ամեն լավի ու գեղեցիկի խտացում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կարինեն» հայերեն առաջին անգամ բեմադրվել է Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ` Բաքվի Մայիլյան թատրոնում 1912թ.:
 
Ավելի վաղ, Հ. Պարոնյանի անվան թատրոնում օպերետը բեմադրվել է 1941 եւ 1950, իսկ Օպերայի եւ բալետի թատրոնում` 1951 եւ 1988 թվականներին: Հետագայում արդեն` 1962թ.-ին, «Հայֆիլմ» կինոստուդիան համանուն երաժշտական ֆիլմ է նկարահանել:

Տիգրան Չուխաջյանի երազանքն էր` իր օպերետի բեմադրությունը տեսնել Փարիզում: Նախագիծը, սակայն, իրականացվել է անվանի հայի մահից հետո: Մեր օրերում դեռեւս շարունակվում է օպերետի բեմադրությունը: Ֆրանսահայ բեմադրիչ եւ դերասան Ժիրայր Փափազյանի մտահղացմամբ 2010-ին առաջին անգամ Փարիզի «Բուֆ դյու Նոր» թատրոնում, 2011թ.-ին` Մարսելի հանրահայտ «Օդեոն» թատրոնում ներկայացվել էր օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը: