12:45 | 29.01.14 | Նորություններ | 2154
Հայկական վիրտուալ համալսարանը (Armenian Virtual College) այսօր ներկայացրել է իր կողմից ստեղծված առաջին մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը Հայկական լեռնաշխարհի մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանն ասել է, որ հայերեն եւ անգլերեն լեզուներով էլեկտրոնային գիրքը հասանելի է տարբեր տեսակի սարքերով եւ համակարգիչներով: Այն անվճար կարելի է ներբեռնել համալսարանի կայքից:
Երվանդ Զորյանը նշել է, որ այն տարբերվում է այլ էլեկտրոնային գրքերից՝ Հայաստանի մասին պատմող տեքստից բացի պարունակում է բազմաթիվ լուսանկարներ, եռաչափ պատկերներ: Տեքստը կարելի է ոչ միայն ընթերցել, այլեւ լսել:
«Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանի պատմությունը, մշակույթը նոր, հասարակությանն ավելի հասանելի եւ հարմար միջոցներով»,– ասել է Երվանդ Զորյանը:
Հայկական լեռնաշխարհի մասին գիրքը տեղեկություններ է պարունակում երկրի աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների, ազգային օրհներգի, դրոշի, զինանշանի մասին: Օգտատերերը տեղեկություն կարող են ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին:
Հետագայում Հայկական վիրտուալ համալսարանը նախատեսում է թարգմանել էլ. գիրքը 5 լեզուներով: Մոտ ապագայում կպատրաստվեն էլ. գրքեր Հայաստանի պատմության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության եւ այլ ասպարեզների մասին: