16:41 | 10.01.14 | Նորություններ | 3528

Ընդլայնվում է նորածնային մահացության կրճատմանն ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծրագիրն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը եւ Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանն այցելել են Արարատի մարզի Վեդիի եւ Արտաշատի հիվանդանոցների նորածնային խնամքի բաժանմունքներ:

Այս հիվանդանոցները հագեցվել են վերակենդանացման ներկառուցված համակարգով` նորածինների ինտենսիվ խնամքի համար նախատեսված ինկուբատորով, շնչառական դժվարություններ ունեցող երեխաների մոնիտորինգի եւ վերահսկման սարքավորումներով:

«Ծրագիրն ուղղված է Հայաստանում նորածնային մահացության կրճատմանը: Այդ նպատակին հասնելու համար ամենակարեւոր քայլը մարզերում բժշկական ծառայությունները բարելավելն ու մատչելի դարձնելն է: Ծրագրում ներառված՝ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի հիվանդանոցներն արդեն ապահովվել են կենսական կարեւորություն ունեցող սարքավորումներով: Շատ հաճախ նորածիններին Երեւան` ժամանակակից սարքավորումներով ապահոված հիվանդանոց տեղափոխելն անարդյունավետ է` ժամանակի կորստի պատճառով: Մարդիկ մարզերում պետք է ունենան բժշկական ծառայություններ ստանալու հավասար հնարավորություններ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նորածիններին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 6 տարի համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Այս ժամանակահատվածում Հայաստանի 34 բուժհաստատություններում (12-ը Երեւանում եւ 22-ը մարզերում), տեղադրվել է մոտ 465 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: