Սամվել Գեւորգյանը
17:52 | 18.12.13 | Նորություններ | exclusive 1164
Anti-armenia.org կայքը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, թե ադրբեջանցի ցանցահեններին հաջողվել է կոտրել ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության, ճանապարհային ոստիկանության, ՎիվաՍել-ՄՏՍ եւ Օրանժ Արմենիա բջջային օպերատորների տվյալների բազաները: Բջջային օպերատորները արդեն հերքել են այդ տեղեկությունը` նշելով, որ բաժանորդների տվյալների բազայի անվտանգությունն ու գաղտնիությունը պահպանված է, եւ ոչ մեկին չի հաջողվել տիրապետել դրանց:
Տեղեկատվական անվտանգության ասպարեզում մասնագիտացած «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը տեղեկության վերաբերյալ կատարել է նախնական ուսումնասիրություն` վերլուծելով վերոնշյալ կայքում տեղադրված rar արխիվային ֆայլը: Մեդիամաքս-ն ուսումնասիրության վերաբերյալ մեկնաբանություն է ստացել «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանից:
«Նախնական ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ արխիվում պարունակվող ՀՀ ոստիկանության ծրագիրը ստեղծվել կամ փոփոխության է ենթարկվել 2010 թ-ի հուլիսի 27-ին, իսկ ամենավերջին փոփոխությունը տվյալների բազայում կատարվել է 2013 թ-ի հունիսի 16-ին, այնուհետեւ արխիվի տեսքով տեղափոխվել 2013 թ-ի դեկտեմբերի 16-ին»,- ասել է փորձագետը:
Խոսելով ֆայլի պարունակության մասին` Սամվել Գեւորգյանը նշել է. «Ճանապարհային ոստիկանության, ինչպես նաեւ բջջային օպերատորների տվյալների բազան ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջին գրանցումները կատարվել են մոտ 6 ամիս առաջ, ինչն ակնհայտորեն ապացուցում է, որ տվյալների բազայում պարունակվող ինֆորմացիան հին է, եւ ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր ուղղակիորեն չեն հանդիսանում վերոհիշյալ պետական մարմինները կամ բջջային օպերատորները»:
Նրա փոխանցմամբ, հաքերներն ինֆորմացիան վերցրել են մեկ աղբյուրից. «Գրեթե անհնարին է միեւնույն ժամանակ խոցելի տեղեր հայտնաբերել այնպիսի աղբյուրներում, որոնք գտնվում են անվտանգության համակարգերի եւ տեղեկատվական անվտանգության մասնագետների մշտական վերահսկողության տակ»:
«Ակնհայտ է, որ տվյալների բազան գողացվել է ՀՀ տարածքում գտնվող որեւէ վարակված համակարգչից, իսկ համակարգչում հայտնվել է անուղղակի կերպով` ծրագիրը ձեռքից ձեռք փոխանցվելու արդյունքում»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը վտանգ է համարել նախնական ուսումնասիրությամբ հայտնաբերված «մակրո» տեսակի վիրուսի պարունակությունը ֆայլում:
«Նախնական ուսումնասիրության արդյունքում տվյալների բազայում հանյտնաբերվել է «մակրո» տեսակի վիրուս, ինչը կարող է ադրբեջանցի հաքերային խմբավորման կոզմից ստեղծած թակարդ հանդիսանալ բոլոր նրանց համար, ովքեր այս աղմկահարույց նորությանից գայթակղվելով կփորձեն ներբեռնել նշված արխիվը` այդպիսով վարակելով իրենց համակարգիչը»,- ասել է Սամվել Գեւորգյանը:
Սիրանուշ Եղիազարյան