15:25 | 10.12.13 | Նորություններ | 1236
Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է մտել Երեւանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշը:
Մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
1913 թվականին Երեւանում շահագործման հանձնվեց 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվում էր 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվեցին նաեւ Ալեքսանդրապոլ-Երեւան եւ Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդ համակարգը պահպանվեց մինչեւ 1920 թվականը:
Հայաստանի հեռախոսային կապը զարգացավ հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման հանձվեց 6 հազար հեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ):
Նամականիշի վրա պատկերված են 30-ական թթ. օգտագործվող հեռախոս, Telefonegyar R.T. Budapest հեռախոս եւ 80-ական թվականներին օգտագործվող հեռախոս հեռախոսասյուների եւ հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին:
«Ուրախ եմ ներկա գտնվել Երեւանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման հանդիսավոր արարողությանը։ Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի կապի ավանդույթների զարգացման իրավահաջորդը եւ կանգնած է պատմության ակունքներում։ «ԱրմենՏել» ընկերության գործունեության շնորհիվ այսօր ոչ միայն Երեւանի քաղաքային հեռախոսակապը, այլ նաեւ Հայաստանի ողջ լարային ենթակառուցվածքը համապատասխանում է ամենաժամանակակից չափանիշներին», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։