15:22 | 14.11.13 | Նորություններ | 3924
ԱրմենՏել ընկերությունն (ապրանքանիշը Beeline) այսօր ամփոփեց «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթի արդյունքները:
Մրցույթը նվիրված էր երեւանյան հեռախոսակապի հարյուրամյակին եւ իրականացվում էր լուսանկար, էսսե եւ կարճ պատմվածք անվանակարգերում:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգեւատրեց մրցույթի հաղթողներին Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող աշխատանքների հեղինակները՝ Դավիթ Յավրյանը (կարճ պատմվածք), Նվարդ Մինասյանը (լուսանկար) եւ Վալերիա Ղաբուզյանը (էսսե) որպես մրցանակ ստացան Samsung Galaxy Note 10.1 (N8000) պլանշետներ:
Facebook ցանցի Beeline Armenia խմբի պաշտոնական էջում կայացած քվեարկության արդյունքում Արարատ Գուլանյանի աշխատանքն արժանացավ Ֆեյսբուքի երկրպագուների համակրանքին եւ պարգեւատրվեց հատուկ մրցանակով՝ ILIFE WTAB 704 DC պլանշետով:
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մյուս ութ մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ` Energy System Media Tablet S7 պլանշետներ:
«ԱրմենՏել ընկերության անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր յուրովի ներկայացրեցին մայրաքաղաքի հեռախոսակապի զարգացման հարյուրամյա պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում եւ վառ երեւակայություն: Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք երեւանյան հեռախոսակապի դարավոր պատմության կրողը եւ անչափ ուրախ, որ մրցույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ հենց նրանք են մեզ հետ միասին կերտելու այս պատմության շարունակությունը», - նշեց Անդրեյ Պյատախինը: