17:16 | 04.11.13 | Նորություններ | 3116
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում անցկացվել է հատուկ սեմինար` Հայաստանի 9 բուժհաստատությունների նեոնատոլոգների համար: Սեմինարի նպատակը բուժանձնակազմին հատուկ նեոնատալ խնամքի սարքավորումների եւ սարքերի օգտագործման հմտություններ եւ գիտելիքներ հաղորդելն էր: Ի դեպ, նորագույն այս մեթոդը դեռեւս չի կիրառվում եվրոպական մի շարք եւ հետխորհրդային տարածաշրջանի երկրներում: Շնչառական այս սարքավորումներն անհրաժեշտ են թե նախքան ծնունդը, եւ թե ծնվելուց հետո բարդությունների դեպքում մանուկների կյանքը փրկելու համար:
Սեմինարին մասնակցել են Վեդիի, Սիսիանի, Գյումրիի, Կապանի ծննդատների, ինչպես նաեւ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Նոր Նորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատների եւ համապատասխան բաժանմունքների մասնագետները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ բրիտանական BirthLink ՀԿ-ի համագործակցության արդյունքում նշված մարզերում եւ մայրաքաղաքում գործող ծննդատներն ու բաժանմունքները համալրվել են հետեւյալ սարքերով եւ սարքավորումներով.
1) անմիջապես ծննդից հետո ջերմության ապահովման եւ վերակենդանացման՝ արտացոլող ջերմապահովման սարք,
2) պղպջակային CPAP,
3) քթային ճանապարհով բարձր հոսքով շնչառական համակարգեր,
4) հեղուկների երակային ներարկման պոմպ,
5) պուլսօքսիմետր,
6) թթվածնային թերապիայի սարք:
Ծննդատներին եւ ծննդօգնության բաժանմունքներին տրամադրվել են նշված սարքավորումների եւ սարքերի տարբեր կոմպլեկտներ՝ կախված տվյալ բուժհաստատության կարիքներից:
Այս ծրագրի ներդրման բազմաթիվ դրական արդյունքները դեռ կգնահատվեն մոտակա տարիների ընթացքում: Այսպես օրինակ, շնչառական թերապիայի ոչ ինվազիվ մեթոդների ներմուծումը CPAP-ի տեսքով ամբողջությամբ փոխել է անհասների թոքային հիվանդությունների բուժման մոտեցումները: Նոր մեթոդները եւ ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս խուսափել այնպիսի վտանգավոր եւ թանկարժեք մեթոդներից, ինչպիսիք են ինտուբացիան եւ թոքերի արհեստական օդափոխումը, որոնք շատ լավ հայտնի է, որ կարող են ոչ միայն թոքերի վնասման պատճառ դառնալ, այլ նաեւ բացասական ազդեցություն ունենալ նորածինների հետագա հոգեշարժողական զարգացման վրա:
«Արդեն վեց տարի մենք իրականացնում ենք այս նախագիծը, եւ դրա փորձարարական իրականացումը ցույց տվեց, որ նորածնային հասակում մահացության դեպքերի ցուցանիշը նվազել է: Birthlink-ի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացել ենք սարքավորումներ տրամադրել տարբեր մարզերի եւ Երեւանի ծննդատներին, ինչպես նաեւ դասընթացներ կազմակերպել բուժաշխատողների համար: Արդեն իսկ ակնհայտ է, որ նախաձեռնությունը չափազանց կարեւոր է՝ տարբեր բարդություններից եւ հիվանդություններից մանուկների կյանքը փրկելու առումով: Մենք չենք կարող մնալ դիտորդի դերում, երբ նորածինների կյանքը շարունակում է վտանգված մնալ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը խոսուն փաստ է առ այն, որ նեոնատալ խնամքի ծրագիր իրականացնելն անհրաժեշտություն է: Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում:
Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունեցող եւ ցածր քաշով նորածինների կենսաապահովման համար, ինչը հնարավորություն է տալիս կայունացնելու նրանց վիճակը` նախքան Երեւանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ նրանց տեղափոխելը: Նաեւ հնարավոր կլինի հասնել նրան, որ շատ դեպքերում երեխային տեղափոխելու կարիք չառաջանա: Ծրագրի շնորհիվ բուժհաստատություններն արդեն բավարար թվով անհրաժեշտ սարքավորումներ եւ գիտելիքներ ունեն` մահվան գրանցվող ցուցանիշը զգալիորեն կրճատելու համար:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի բուժհաստատություններին տրամադրվել են մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ նեոնատալ ինտենսիվ խնամքի սարքեր եւ սարքավորումներ: