13:08 | 02.10.13 | Նորություններ | 1047

Հոկտեմբերի 4-ին կմեկնարկի «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ից 6-ը Երեւանում տեղի կունենա «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը:

Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ցուցահանդեսի մասին խոսել են «ԴԻջիԹեք Էքսպո 2013»-ի կազմակերպիչ, UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ՋիԷնսի-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը (պլատինե հովանավոր), «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը (գլխավոր հովանավոր) եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի («Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ») ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լեւոն Գալստյանը:

«Այս ցուցահանդեսը դարպաս է դեպի ՏՏ: Ամենայն հավանականությամբ, նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցենք, եւ այս տարի մասնակից ընկերությունների քանակը կհասնի 125-ի: Այս տարի ակնկալում ենք ունենալ 26 000 այցելուներ` նախորդ տարվա 24 000-ի փոխարեն», - ասել է Կարեն Վարդանյանը:

Այս տարի ցուցահանդեսը զոնավորված է լինելու: Առաջին հարկում կներկայացվեն ինժեներական լուծումները, երկրորդ հարկում` ծրագրային եւ համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սարքավորումների մատակարարողները, երրորդ հարկում` տեղակայված կլինեն նորաստեղծ ընկերությունները, «աշխատանքի տոնավաճառ» բաժինը, գործարար հանդիպումների սրահը:

Հայկ Ֆարամազյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն
«Ռոստելեկոմի» ղեկավարները:

«ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսն անցկացվելու է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում գործող ցուցահանդեսային կենտրոնում: