13:26 | 02.09.13 | Նորություններ | 3328
Օգոստոսի 30-ի երեկոյան «Բյուրոկրատ» գրատանը տեղի ունեցավ «Orange Գրքի մրցանակ 2012» գրքի մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների` արդեն հրատարակված չորս գրքերի շնորհանդեսը: Դրանք են Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպը, Նարե Սահակյանի «Համոյի սիրած ծաղիկը» պատվածքը, Երազիկ Գրիգորյանի «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթը եւ Շուշանիկ Թամրազյանի «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն:
«Ուրախությամբ եւ հպարտությամբ ենք այսօր ներկայացնում գրքերը, որոնք ստեղծվել են մրցույթի, ժյուրիի աշխատանքի, ընթերցասերների հետաքրքրության ու ներգրավվածության արդյունքում: Orange Գրքի մրցանակն ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ է: Մենք այս ընթացքում արեցինք հնարավորը` հանրային ընթերցանությունների միջոցով խթանելու հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ: Մրցույթը նաեւ թույլ տվեց նոր անուններ բացահայտել»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Շնորհանդեսին ներկայացված գրքերից «Մաշկացավը» ժամանակակից պատմություն է: Այն հեղինակի բնորոշմամբ անտիվեպ է, որը ներկայացնում է նույն պատմության տարբեր պատառիկները տարբեր տեսանկյունից, տարբեր հերոսների աչքերով, իրականության տարբեր ըմբռնումներով:
«Համոյի սիրած ծաղիկը» պատմվածք է մի ընտանիքի մասին, որի անդամները հաճախ չեն զրուցում միմյանց հետ, որի ամենօրյա կյանքի շիկացած մթնոլորտում, շահերի բախման կենտրոնում մարդկանց ճակատագրերն են հայտնվում:
«Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» հեքիաթի գլխավոր հերոսները մանկական ստեղծագործություններում հաճախ հանդիպող կերպարներ են` կախարդ պառավն ու ագռավը: Այս հեքիաթը սակայն փորձ է անում բոլորովին այլ տեսանկյունից նայելու, ընկալելու այս կերպարներին, անգամ` ընդառաջ գնալու իրենց չարության մեջ այնքան անհետեւողական, հաճախ` ոչ թե չար, այլ չարաճճի, երբեմն միամիտ, մշտապես ծիծաղելի, նաեւ հանկարծակի հուզող այս երկու ընկերներին, որոնց չարությունը ոչ թե նրանց ուժն է, այլ թուլությունը:
Շնորհանդեսին ներկայացված «Մոգ արքաներ» բանաստեղծությունների ժողովածուն տարբեր ժամանակներում ու վայրերում հեղինակի որսացած բառերն ու հույզերն են, որոնք պարզ ու ազատ՝ առանց մտքի կամ բովանդակության կանխորոշման, միավորվել են մեկ յուրօրինակ ռիթմում:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցել են նրանք, ովքեր ներկայացրել են նախկինում երբեւէ չհրատարակված գրական երկ: Orange Գրքի մրցանակ 2012-ին առաջին անգամ մասնակցեցին նաեւ Սփյուռքի` արեւելահայերեն կամ արեւմտահայերեն գրված ստեղծագործություններ: Մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 470 ստեղծագործություն: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը հրատարակվել է առանձին գրքով, 500 տպաքանակով, իսկ հեղինակը ստացել է դրամական մրցանակ 500,000 դրամի չափով:
Orange Գրքի մրցանակի նպատակն է խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, աջակցել սկսնակ եւ արդեն հայտնի գրողներին հրատարակել իրենց անտիպ ստեղծագործությունները:
Orange գրքի մրցանակն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
Orange Գրքի մրցանակն ամենամյա մրցանակ է: 2013 թվականի մրցույթի մեկնարկի մասին կհայտարարվի հավելյալ: Բոլոր մանրամասները` http://orangearmenia.am/book-prize/ էջում: