16:19 | 20.08.13 | Նորություններ | 3617

Orange-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղում ստեղծվում է նոր գյուղատնտեսական նախագիծ

Orange Հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներն այսուհետ կունենան գյուղատնտեսական նոր ոլորտում աշխատելու հնարավորություն եւ եկամտի կայուն աղբյուր, հայտնել են ընկերությունում:

Այս գյուղը նախկինում ունեցել է  մոտ 1500 հեկտար խաղողի այգիներ ու կայացած խաղողագործություն, տարեկան շուրջ 2000 տոննա բերքով, սակայն 1990-ական թվականներից հետո այդ հողատարածքը դարձել է անօգտագործելի՝ մնալով նշանառուի կրակոցի վտանգի ներքո:

Orange Հիմնադրամի՝ գյուղատնտեսական նախագծերի շրջանակում վազաշենցի 7 ընտանիքներ ստացել են մեղվի փեթակներ ու մեղուներ, իսկ գյուղացիների համար կազմակերպվել են մեղվաբուծության դասընթացներ՝ հնարավորություն տալով վերջիններիս կայուն կերպով ներգրավվել այս նոր ու խոստումնալից ոլորտում:

Նախագիծն իրականացվել է Orange Հիմնադրամի կողմից անցյալ տարի մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս ծրագրի համար դրամաշնորհը Orange Հիմնադրամից ստացել է Orange-ի աշխատակից Միհրան Բաբայանը, ով աշխատում է ընկերության ֆինանսական բաժնում, իսկ աշխատանքից ազատ ժամերին նաեւ աջակցում է “Հայ Ձմեռ պապ” հասարակական կազմակերպության աշխատանքներին: Սա Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող արդեն չորրորդ նախագիծն է:

Մեղրաքամին մասնակցելու նպատակով Վազաշեն գյուղ էր այցելել նաեւ Օրանժ Արմենիա-ի աշխատակիցներից կազմված կամավորների խումբը, որոնցից շատերն առաջին անգամ, սակայն մեծ խանդավառությամբ էին մասնակցում նման աշխատանքի:
       
Orange Հիմնադրամի աջակցությամբ գյուղատնտեսական զարգազման մոդելներ են ներդրվել նաեւ Տավուշի մարզի Բերդավան եւ Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղերում:

Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 2,960,000 դրամ: