11:56 | 07.08.13 | Նորություններ | 1131

Samsung-ն աշխատում է սմարթ-ժամացույցների ստեղծման վրա

Հայտնի են դարձել հարավկորեական Samsung-ի կողմից նախագծվող smartwatch-երի մասին որոշ մանրամասներ:

Ինչպես գրում է BBC-ն, «խելացի» ժամացույցների դիզայնի մասին տեղեկությունները ստացվել են վերջիններիս 3 մոդելների վերաբերյալ Samsung-ի կողմից պատենտների ու ապրանքանիշերի գրանցման արդյունքում:

Էսքիզներում երեւում է կոր եւ առաձգական էկրանով սարք, որը փաթաթվում է ձեռքին: Ըստ փաստաթղթերի, ընկերությունն իր ժամացուցների համար գրանցել է Samsung Gear անվանումը Հարավային Կորեայում եւ Samsung Galaxy Gear անվանումը ԱՄՆ-ում:

Կոր դիսփլեյի վրա երեւում է 2 սենսորային կոճակ (back եւ home), որոնք նույնն են, ինչ ընկերության Galaxy S Android սմարթֆոնի մոտ:

Էսքիզի վրա երեւում է նաեւ միացման ֆիզիկական կոճակ, միկրոֆոն եւ դինամիկ: Ըստ փաստաթղթերի, սարքը թույլ կտա մուտք գործել ինտերնետ, կատարել եւ պատասխանել հեռազանգերի:

Ներկայումս «խելացի» ժամացույցների շուկայում Samsung-ի հիմնական մրցակիցը Sony ընկերությունն է, որը շուտով նախատեսում է ներկայացնել «աշխարհում առաջին Android ժամացույցը», որի դիսփլեյը, սակայն, կոր եւ առաձգական չէ:

Canalys խորհրդատվական ընկերությունը կանխատեսում է, որ 2014-ին աշխարհում վաճառվելու է ավելի քան 5 մլն սմարթ-ժամացույց: