11:51 | 01.08.13 | Նորություններ | 1046

Ռուսաստանը կոշտ պայքար է սկսում ինտերնետ-պիրատության դեմ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը կոչված է պաշտպանել ինտերնետային պիրատությունից հեռուստա- կինո- եւ տեսաարտադրանքի իրավատերերին:

Ս.թ. հունիսին Պետդումայի կողմից ընդունված եւ հիմա ուժի մեջ մտած օրենքը հաստատում է այն վեբկայքերի արգելափակման կարգը, որտեղ ապօրինի տեղադրված է վիդեոարտադրանք, գրում է РБК-ն:

Ըստ կարգի, հայտնաբերելով իր հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի տարածումը ինտերնետում,  իրավատերը կարող է դիմել դատարան՝ տվյալ ռեսուրսի արգելափակման պահանջով:

Ստանալով արգելափակման մասին դատարանի վճիռը, իրավատերը դիմում է ինտերնետ-տարածքի կարգավորման պետական մարմնին՝ Ռոսկոմնադզորին` տվյալ վեբկայքն արգելափակելու դիմումով: Պետմարմինը 3 օրվա ընթացքում որոշում է տվյալ ռեսուրսի հոսթինգ-պրովայդերին եւ պարտադրում իրեն հեռացնել տվյալ տեղեկատվությունը կամ արգելափակել կայքը:

Հոսթինգ պրովայդերը մեկ օրվա ընթացքում պետք է տեղեկացնի վեբկայքի սեփականատիրոջը ապօրինի բովանդակությունը հեռացնելու պահանջի մասին: Եթե բովանդակությունը չի հեռացվում հաջորդ մեկ օրվա ընթացքում, տվյալ վեբկայքն արգելափակվում է:

Օրենքի պահանջի կատարման դեպքում կայքից արգելափակման հանումը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Նշենք, որ դեռ նախքան տվյալ օրենքի ուժի մեջ մտնելը, ռուսաստանյան բազմաթիվ ռեսուրսներ, մասնավորապես, Vkontakte սոցցանցը, սկսել է ոչ լեգալ բովանդակություն զանգվածային հեռացումը՝ հետագա դատական վեճերից խուսափելու համար:

Տվյալ օրենքը, սակայն, չի ենթադրում, որ ռուսերեն կամ ռուսերեն թարգմանությամբ ոչ լեգալ տեսաբովանդակությունն ինտերնետում պակասելու է. վեբկայքերի սեփականատերերը, հավանաբար, կփոխանցեն հոսթինգն այլ երկրների պրովայդերներ, որտեղ օրենսդրությունն ապահովում է ինտերնետ-տարածքի ամբողջական ազատություն: