13:19 | 26.07.13 | Նորություններ | 1073

    Մեկնարկում է «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթը

    Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ԱրմՌոբոտիքսի շրջանակներում կազմակերպում է «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթ, որի հիմնական նպատակներից է նպաստել Հայաստանում ռոբոտատեխնիկայի ոլորտով զբաղվող կազմակերպությունների ստեղծմանը:

    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել այլ ոլորտներում ավտոմատ համակարգերի անհրաժեշտությունը և ներդնելու հնարավորությունները: Ըստ հայտնաբերված խնդիրների մասնակիցներին հնարավորություն տալ իրենց ներկայացվող գաղափարներն ուղղորդել դեպի համապատասխան ոլորտներ: Նախատեսվում է նաև ապահովել համապատասխան կազմակերպությունների ներգրավվածությունը միջոցառման ընթացքում:

    Մրցույթի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց գաղափարները, հետագայում դրանք կվերածեն տեխնիկական նախագծերի և վերջում իրական սարքերի:

    Ծրագրի բոլոր մասնակիցների համար նախատեսվում է անցկացնել համապատասխան մասնագիտական վարժանքներ: Վարժանքները կանցկացնեն հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետները: Վերջին փուլում մասնակիցներն իրենց գաղափարները և ռոբոտները կներկայացնեն ԴիջիԹեք Էքսպո ամենամյա ցուցահանդեսին:

    Մրցույթին կարող են մասնակցել բոլորն, ովքեր ունեն ռոբոտիքս ոլորտի գաղափարներ: «Ռոբոտներն առօրյայում» մրցույթը չունի տարիքային եւ մասնագիտական սահմանափակումներ: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 3-ը: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1.200.000 դրամ:

    Մրցույթի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: