17:18 | 09.07.13 | Նորություններ | 4695
«Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորվեց Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ իր իսկ անվան հրապարակում, որին հաջորդեց բացման արարողությունը եւ բացման` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարին» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա էր ինքը` լեգենդար շանսոնիեն: Փառատոնի բացման արարողության ընթացքում Ազնավուրին հանձնվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը:
Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների եւ երեւանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաեւ Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին եւ Յոս Ստելինգին: Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:
Ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:
Հասարակական կյանքի տարբեր ոլորտների՝ ներառյալ մշակույթի զարգացմանն ուղղված իր երկարաժամկետ առաքելությանը հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնին վերաբերում է որպես երկրի միջազգային վարկանիշը բարձրացնելու, հայության մշակութային ժառանգությունն ու առաքելությունը՝ կինոարվեստի հարուստ լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոցի: «Ոսկե ծիրան»-ին հաջողվում է իրականացնել վերընշվածը՝ միջազգային փառատոնին վայել բարձր մակարդակով:
«Ոսկե ծիրան»-ի մյուս առաքելությունն ազգային կինոյին թարմ շունչ հաղորդելն է: Հայկական կինոն պետք է շարունակի զարգանալ ու նաեւ ապրի աշխարհի հոգսերով, աշխարհի հետ միասին՝ որպես համաշխարհային կինոյի մի մաս: «Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս երկխոսել ժամանակակից աշխարհի հետ, շոշափել ժամանակի միտումները, նոր համաշխարհային երանգներ բերել հայկական կինեմատոգրաֆ՝ շրջադարձ կատարելով դեպի ժամանակակից անհատը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համոզմամբ, մեզ` հայերիս, կինոն պետք է, որպեսզի մենք կարողանանք ամրապնդել մեր տեղն աշխարհի «մշակութային» քարտեզի վրա եւ միաժամանակ՝ կարողանանք դիմակայել գլոբալ մշակութային մարտահրավերներին՝ պահպանելով մեր մշակութային ինքնությունը: Մրցակցային հայկական կինոն հնարավորություն կտա վճռականորեն ընդարձակել այդ ինքնության ազդեցությունը:
«Յուրաքանչյուր նախագիծ որոշակի փուլեր է անցնում մտքից ծրագիր դառնալու ճանապարհին: Այդպիսին է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Եթե փորձենք պատկերավոր նկարագրել այն, ապա կարող ենք փառատոնի ամբողջ ընթացքը նմանեցնել մի կինոնկարի ստեղծման պատմության: Տասը տարի առաջ «Ոսկե ծիրանում» իշխում էր հուզականությունը. կար նպատակ եւ այն իրականացնելու երազանք: Մարտահրավերներով լի էր երկրորդ փուլը. գործողությունները զարգանում էին արագ, ինչպես action ֆիլմերում: Հարկավոր էր միջազգային հարթակում ներկայացնել մի երկիր, որը թեեւ դժվար նկատելի է քարտեզի վրա իր զբաղեցրած տարածքով, սակայն մշակութային բազմադարյա պատմություն ունի: Սա արդեն համատեղ իրականացված ծրագրի երրորդ փուլն է, որը նման է վավերագրական ֆիլմի: Տասնամյա ճանապարհի վավերագրողը կինոարվեստի սիրահարներն են: Հաճելի կինոդիտում եմ մաղթում բոլորին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Փառատոնի պաշտոնական բացման արարողության ընթացքում Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց «Ոսկե ծիրան» երեւանյան փառատոնի 10-ամյակին նվիրված ոսկե մեդալ: