14:20 | 03.07.13 | Նորություններ | 3135

    Հուլիսի 27-ին կկայանա ecaHack Yerevan 2013-ը

    Հուլիսի 27-ին Երեւանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երեւանյան փուլը:

    Հաքաթոնի նպատակն է ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաեւ մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը շարժական լուծումների հանդեպ:

    ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:

    Հաքաթոնին գրանցվելու եւ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք միջոցառման պաշտոնական կայքը` http://eca.hackathon.am:

    Գրանցումը տեւելու է մինչեւ հուլիսի 10-ը: Այնուհետեւ միջոցառման կազմակերպիչների ու միջազգային ժյուրիի կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը եւ կընտրվեն լավագույնները` ընդհանուր թվով 10 թիմ, յուրաքանչյուր թիմում առավելագույնը երեք մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու հուլիսի 27-ին Երեւանում կայանալիք հաքաթոնին:

    Ընտրված մասնակիցների համար հուլիսի 10-ից հետո կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ ներկայացված ծրագրերը կատարելագործելու համար:

    Հուլիսի 27-ի առավոտյան թիմերը կհավաքվեն mLab ECA-ի գրասենյակում, որտեղ պետք է հաքաթոնի 12 ժամվա ընթացքում աշխատեն իրենց նախագծերի վրա` օրվա վերջում ներկայացնելով իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

    Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռեւս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Մասնակիցները պետք է առաջարկեն ծրագրեր, որոնք օգտակար եւ հետաքրքիր կլինեն ամբողջ աշխարհում:

    ecaHack Yerevan-ի ավարտին մասնակիցները 5 րոպեանոց դեմո-ցուցադրությամբ կներկայացնեն իրենց ծրագրերը, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն հաղթող թիմին: Հաղթող թիմը հոկտեմբերին Բուխարեստում կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին եւ հնարավորություն կունենա ստանալու մրցանակներ՝ Alcatel One Touch-ի եւ այլ հովանավորների կողմից, ինչպես նաեւ կմասնակցեն Droidcon Bucharest միջոցառմանը, որը Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրավորողների համաեվրոպական կոնֆերանս է:

    Թիմի բոլոր անդամները Alcatel One Touch-ի կողմից կստանան Android օպերացիոն համակարգով աշխատող նորագույն բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ
    հնարավորություն կունենան հյուրընկալվել mLab ECA-ի ինկուբացիոն սենյակում:

    Միջոցառման հատուկ հյուրն է լինելու Google Mountain View-ի աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով միջոցառման նախորդ օրը mLab ECA-ի գրասենյակում ելույթ կունենա Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրերի մոնետիզացման վերաբերյալ, որին կարող են մասնակցել ոչ միայն հաքաթոնի մասնակիցները, այլեւ բոլոր հետաքրքրված անձինք:

    Հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստեղծած ծրագրերը ներկայացնել նաեւ ուկրաինական Happy Farm Business Incubator-ի ներկայացուցիչներին եւ ընտրվելու դեպքում ստանալ մինչեւ 75.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ ծրագիրը միջազգային շուկայում ներկայացնելու համար: