17:53 | 06.06.13 | Նորություններ | 4878
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը ամփոփել հերթական տարին: Երաժշտահանդեսը նպաստել է շնորհալի պատանիների կատարողական վարպետության բացահայտմանը:
Փառատոնը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան), իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորությունը, հայտնել են ընկերությունում:
«Յուրաքանչյուրն ունի այս կամ այն ոլորտում ինքնադրսեւորվելու հնարավորություն: Անհրաժեշտ է ուղղակի նպաստել շնորհալի մարդկանց բացահայտմանը, ինչին ձգտում ենք` տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Եթե ամեն տարի հնարավոր լինի բացահայտել 2-3 նոր անուն` կարելի է հպարտությամբ արձանագրել, որ փառատոնը ծառայել է նպատակին: Միասին մենք նպաստում ենք ստեղծագործող, բարեկիրթ եւ աշխարհին ասելիք ունեցող քաղաքացու այդ տեսակի կայացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցել է մինչեւ 18 տարեկան շուրջ 40 պատանի կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները եղել են միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: