Haswell պրոցեսորը
11:10 | 05.06.13 | Նորություններ | 1192
Intel-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր սերնդի Haswell պրոցեսորները:
Ըստ ընկերության, դրանք ավելի էներգախնայող են՝ թույլ են տալիս լափթոփերի մարտկոցներին աշխատել ավելի երկար առանց լիցքավորման, ինչպես նաեւ տալիս են ավելի լայն գրաֆիկական հնարավորություններ, գրում է BBC-ն:
Նոր պրոցեսորներով առաջին համակարգիչները ներկայացվել են Թայվանում այս օրերին ընթացող Computex տեխնոլոգիական ցուցահանդեսում:
Intel-ի պրոցեսորները գերակշռում են դեսքտոփներում եւ լափթոփներում, մինչդեռ սմարթֆոնների մեծամասնությունն աշխատում է բրիտանական ARM ընկերության նախագծած պրոցեսորներով:
Haswell պրոցեսորները չեն տաքանում եւ անգամ կարող են օգտագործվել առանց հովհարի:
Նախորդ սերնդի Ivy Bridge պրոցեսորները Microsoft-ից պահանջեցին ներառել 2 հովհար իր Surface Pro համակարգչում:
Ընկերությունն ասում է, որ չիփերի նոր դիզայնը թույլ է տալիս բարձրացնել դրանց արագագործությունը 15%-ով, մարտկոցի ակտիվությունը՝ 50%-ով, ինչպես նաեւ կրկնակի բարձրացնել սարքերի գրաֆիկական հնարավորությունները:
Շատ օգտատերների համար դա կնշանակի, որ իրենց այլեւս պետք չեն գա առանձին գրաֆիկական քարտեր, ինչն էապես բարձրացնում է համակարգչի գինը, իսկ լափթոփներն այսուհետ կարտադրվեն դիսփլեյի ավելի մեծ թույլտվությամբ:
Գրաֆիկական քարտերի շուկայի համաշխարհային լիդեր NVidia-ն արդեն արձագանքել է այդ փաստին՝ հայտարարելով, որ «ցանկացած լուրջ գեյմեր կասի ձեզ, որ ինտեգրված գրաֆիկական պրոցեսորը չի տա ձեզ այն, ինչ տալիս է առանձին քարտը, նույնը վերաբերում է Haswell-ին»: