15:29 | 24.05.13 | Նորություններ | 2162
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը: Այս տարի եւս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Ոսկե ծիրանի» համար 2013 թվականն առանձնահատուկ է` հոբելյանական: Փառատոնին կհյուրընկալվեն նշանավոր կինոգործիչներ Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն եւ Յոս Ստելինգը:
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից:
«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական Իշտվան Սաբոն:
«Հայաստանում կինոարվեստի սիրահարների համար բացառիկ արժեք ունեցող, առավել նրբաճաշակ, հետաքրքիր եւ լուրջ ֆիլմերը հասանելի դարձնելն աջակցության արժանի կարեւորագույն գործ է: «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ, Հայաստանի երիտասարդությունը սկսել է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել կինոարվեստի եւ կինոարտադրության հանդեպ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարեւոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: