09:49 | 24.05.13 | Նորություններ | 954

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը երկու տարեկան է

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշեց հիմնադրման երկրորդ տարեդարձը:

Ինչպես հայտնել են կենտրոնում, երկու տարվա ընթացքում այն հասցրել է ճանաչվել իբրեւ  վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն եւ կարողություն ունեցող  ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ:
 
Իր գործունեության երկու տարվա ընթացքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում իրականացված տեխնոլոգիական եւ բիզնես հմտությունների կարճաժամկետ ու երկարաժակետ դասընթացներին եւ սեմինարներին մասնակցել են ավելի քան 2000 ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից: 

Նորարար գաղափարների բացահայտմանն ուղղված շուրջ 10 մրցույթներին մասնակցել են 100-ից ավել թիմեր: Այդ մրցույթների ընթացքում ներկայացված եւ մշակված լավագույն գաղափարների մեծ մասն այսօր շուկայում են կամ պատրաստ են մուտք գործել հայաստանյան եւ արտասահմանյան շուկաներ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությունը ստացած թիմերից մի քանիսը գրանցված են իբրեւ նորաստեղծ ընկերություններ կամ գրանցման փուլում են՝ BigBrain, 4car.am, eagro.am, Apollosoft, Clean H2O,  Lionsharp Solutions եւ այլն: 
Յուրքանչյուր ոլորտում որդեգրելով  նորարար մոտեցումներ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը 2012 թվականի ամռանը սկսեց իրականացնել Կարճաժամկետ պրակտիկայի ծրագիր՝  հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների հետ համատեղ:  Ընդամենը մի քանի ամսում տեսական եւ գործնական հմտությունները խորացնելու եւ արդյունքում երաշխավորված աշխատատեղով ապահովելու այս մոդելի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները՝ ապահովելով մասնակիցների 90%-ի զբաղվածություն:  Ներկայումս Պրակտիկայի սահմանները ընդլայնվում են՝ ներառելով նորանոր ընկերություններ :

Կենտրոնը Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից ընդգրկել է աշխարհի լավագույն  ինովացիոն կենտրոնների ցանկում: