16:49 | 20.05.13 | Նորություններ | 1220

«Կենգուրու 2013»-ն ունի 4 հաղթող

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ «Կենգուրու 2013»-ում հաղթող է ճանաչվել չորս աշակերտ:

Մրցույթի են հաղթողներն են Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի թիվ 1 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը, Երեւանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Հայկ Խաչիկյանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարանի 4-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը եւ Երեւանի ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Վահագն Շախկյանը, հայտնել են մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամում:

Ըստ հիմնադրամի կողմից սահմանված կարգի, կազմակերպիչները անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ՝ համոզվելու, որ հաղթանակն արդար է եւ արժանի:

Մայիսի 21-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաեւ լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Մրցանակաբաշխությունների ժամանակացույցը հասանելի է www.kangaroo.am կայքէջում:

«Կենգուրուն» արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երրորդ տարին՝  նաեւ Արցախում: «Կենգուրու 2013»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 39 214 աշակերտ Հայաստանի եւ Արցախի 960 դպրոցներից: Ի լրումն չորս հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել եւ պատվոգրի ու մրցանակի արժանացել 559 աշակերտ՝ մոտ 110 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվել եւս 778 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ընդհանուր թվով 1341 աշակերտ «Կենգուրուի» կողմից այս տարի կարժանանա մրցանակների:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո:

Ռուսաց լեզվով խնդիրները լուծելու հնարավորությունը ընձեռնվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համագործակցության շնորհիվ:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է ՎՏԲ-Հայաստան բանկը:

Ինֆորմացիոն հովանավորներն են ՄԵԴԻԱՄԱՔՍ մեդիա ընկերությունը եւ «Կրթություն» շաբաթաթերթը: