16:43 | 20.05.13 | Նորություններ | 1874

Orange-ը մասնակցում է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP եւ Dell, իսկ մոտ ապագայում՝ նաեւ Asus ապրանքանիշերի համակարգիչներ:

Առաջարկվող համակարգիչները տարբեր գնային դասերի են պատկանում. դրանք կարելի է ձեռք բերել 10470-ից մինչեւ 16400 դրամ ամսական վճարով, 24 ամիս հավասարաչափ վճարումների պայմանով, հայտնել են ընկերությունում:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է ձեռք բերել դյուրակիր համակարգիչներ Երեւանի եւ մարզերի իր 15 խանութներում՝ առանց կանխավճարի եւ երկու տարի մարման ժամկետով: Ընկերությունում նշել են, որ խանութների ցանկը, որտեղ տրամադրվում են հատուկ պայմաններով համակարգիչներ, մինչեւ տարեվերջ կհասցվի 35-ի:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում մենք համակարգիչներ ենք առաջարկում հատկապես մարզային մեր խանութներում: Որպես պատասխանատու ընկերություն՝ մեր նպատակն է լայնաշերտ ինտերնետը հասցնել բոլորին` անկախ եկամուտներից ու բնակության վայրից: Դրան է միտված մեր քաղաքականությունն ինտերնետի ասպարեզում՝ ներառյալ վերջերս մեկնարկած հատուկ սակագնային պլանը մարզերի բնակիչների համար»,- նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության, էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային բանկի եւ Կենտրոնական բանկի աջակցությամբ: