12:12 | 15.05.13 | Նորություններ | 894

Samsung-ն աշխատում է ուղեղով կառավարվող պլանշետի վրա

Հարավկորեական Samsung-ն աշխատում է ուղեղով կառավարվող պլանշետի ստեղծման վրա, որն, իր կարծիքով, կհեղափոխի մարդկանց եւ սարքերի շփման եղանակը:

Ընկերությունը ամերիկյան հետազոտողների հետ համատեղ ցուցադրել է, թե ինչպես կարելի է գործարկել հավելվածը եւ նշումներ անել Galaxy պլանշետի վրա՝ կենտրոնանալով թարթող պատկերակի (icon) վրա:

Դրա համար օգտագործողները պետք է հագնեն էլեկտրոէնցեֆալոգրամին հետեւող էլեկտրոդներով գլխարկ:

Նման սարքերը խիստ օգտակար կլինեն սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց համար:

Սամսունգի առաջատար հետազոտող Ինսո Քիմի կարծիքով, ուղեղով կառավարումը մարդկանց եւ սարքերի շփման տրամաբանական զարգացման արդյունք է, գրում է MIT Technology Review-ն:

«Մի քանի տարի առաջ հեռախոսը կառավարելու միակ միջոցը փոքր ստեղնաշարն էր, իսկ այսօր մարդիկ այս նպատակով կարող են օգտագործել իրենց ձայնը, ժեստերը, թաչը եւ աչքերի շարժումը», - ասել է Ինսո Քիմը:

Սամսունգը ցուցադրել է, թե ինչպես կարելի է մտքի միջոցով բացել երաժշտական հավելված, միացնել երաժշտություն եւ դադարեցնել այն: