14:54 | 29.04.13 | Նորություններ | 934

Լոկատոր-ի համակարգի շնորհիվ մեծացել է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը

Լոկատոր ընկերությունը Երեւանում ապրիլի 26-28-ը կայացած «Առողջապահության ու դեղագործության» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին ներկայացրել է իր «Medical Solutions» համակարգը շտապօգնության մեքենաների դիսպետչերիզացիայի համար:

Համակարգն իրենից ներկայացնում է ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի,  շարժման ուղղության եւ արագության որոշում, հասցեի փնտրում, սեփական օբյեկտները (բուժ. Հաստատությունները) քարտեզի վրա տեղադրելու հնարավորություն եւ այլն, հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

2011թ. հունիսից Լոկատոր ընկերության  Medical Solutions համակարգը ներդրվել է շտապօգնության մոտ 60 մեքենաների վրա. «Համակարգի ներդրման, ինչպես նաեւ մեքենաների նորացման շնորհիվ բարելավվել է շտապօգնության աշխատանքը: Այժմ այդ մեքենաներն արձանագրված կանչին մոտենում են միջինում 5-6 րոպեում /վատագույն դեպքում 12 րոպեում/` նախկին 15-25 րոպեի փոխարեն: Արդյունքում մեծացել է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը, քանի որ այս պարագայում յուրաքանչյուր րոպե թանկ է ու կարող է կյանք արժենալ»,- նշել է Լոկատոր-ի կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:

Նա նշել է նաեւ, որ ընկերությունը ծրագրում է ստեղծել համընդհանուր կապ բուժհաստատությունների միջեւ, ինչի շնորհիվ հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց հետո պարզ կլինի, թե կոնկրետ որ հիվանդանոց է անհրաժեշտ նրան տեղափոխել` հաշվի առնելով հիվանդությունը, հիվանդանոցի` համապատասխան սարքավորումներով ապահովված լինելը,  համապատասխան բժիշկների այդ պահին ներկա գտնվելը եւ այլն: