17:21 | 23.04.13 | Նորություններ | 1046

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

Ապրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:

Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ժամը 13:30-ին, գրանցումը՝ 13:00-ից) կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով  ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում, հայտնել են  ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակից:

ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, կրթական, հասարակական եւ մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ  գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ եւ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ: 

Միջոցառմանը ներկա կլինեն բուհերի եւ քոլեջների 200 ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների եւ ՏՏ կրթական հաստատությունների, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական վիրտուալ համալսարանի, Երեւանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաեւ տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատությունների կին ներկայացուցիչներ, ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք: