11:56 | 15.04.13 | Նորություններ | 5800
“ՆԻԿԻՏԱ Մոբայլ” ընկերությունը VivaCell օպերատորի բջջային ցանցում գործարկել է SMS2Voice ծառայությունը, որը օպերատորի բաժանորդներին թույլ է տալիս SMS-հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսից դեպի ստացիոնար հեռախոսահամար (ներառյալ ավտոպանասխանիչը):
Ինչպես հայտնել են ընկերությունում, բջջայինից ֆիքսված հեռախոսահամար տեքստային հաղորդագրության ուղարկումն իրականացվում է տեքստը ձայնային հաղորդագրություն վերածելու միջոցով: Համակարգն ինքն է զանգ կատարում հասցեատիրոջ հեռախոսահամարին, SMS-հաղորդագրության տեքստը ձեւափոխվում է ձայնային ձեւաչափ եւ ընթերցվում է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդին: Անհրաժեշտության դեպքում բաժանորդը կարող է կրկին ունկնդրել ստացած հաղորդագրությունը, հետեւելով օպերատորի հրահանգներին, եւ/կամ ուղարկել ձայնային պատասխան: Պատասխանը տեղ է հասցվում հեռախոսազանգի կամ SMS-ծանուցման միջոցով, եւ ստացողը կարող է պատասխանն ունկնդրել, հավաքելով ծանուցման մեջ նշված համարը:
Ֆիքսված համարին SMS-հաղորդագրություն ուղարկելու արժեքը կազմում է 100 դրամ, իսկ ծանուցման մեջ նշված համարին զանգահարելու արժեքը 90 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):
Նախորդ տարի “ՆԻԿԻՏԱ Մոբայլ” ընկերությունը Հայաստանում ներդրել էր “խոսող” SMS-հաղորդագրություններ առաքելու ծառայությունը “ԱրմենՏելի” բջջային կապի բաժանորդների համար:
«SMS2Voice ծառայությունը առավել հարմար է նրանց համար, ովքեր SMS-ներ օգտագործելուն չեն տիրապետում, ինչը, կարծում ենք, հատկապես կարեւոր է տարիքով մարդկանց եւ թույլ տեսողությամբ տառապող մարդկանց համար: Ֆիքսված համարին SMS ուղարկելը չափազանց պարզ է ու ամենեւին չի տարբերվում արդեն սովորական դարձած բջջային ցանցում նման ձեւաչափով շփումներից: SMS-ի ստացումը առավելագույնս մատչելի է. հարկավոր է ընդամենը հեռախոսի լսափողը վերցնել եւ լսել հաղորդագրությունը», - ասել է
«ՆԻԿԻՏԱ Մոբայլ» ՍՊԸ-ի տվյալ ծրագրի մենեջեր Նաիրա Աղայանը:
Ձայնային հաղորդագրության տեսքով ուղարկելու ենթակա տեքստը հնարավոր է հավաքել կամ լատինատառ, կամ կիրիլիցայով, կամ էլ հայերեն: