15:25 | 12.04.13 | Նորություններ | 3662

Մեկնարկել է համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնությունը

Այսօր մեկնարկել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ Orange Armenia ընկերության կազմակերպած  համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնության երրորդ մրցաշարը, որի նպատակն է զարգացնել համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում:  

Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով, որի ընթացքում մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը` ցուցադրության ժամանակ ներկայացնելով պատրաստի խաղեր: Մասնակիցները կմրցեն 9 անվանակարգում` “Լավագույն խաղ”, “Լավագույն բջջային խաղ”, “Լավագույն սցենար”, “Նորարարություն”, “Լավագույն դիզայն”, “Լավագույն կերպար”, “Լավագույն 3D լուծում”, “Պատանիների առաջնություն” եւ “Ժողովրդական մրցանակ”:

Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն 700 հազ. դրամ, որը կբաշխվի ըստ անվանակարգերի:

«Նախորդ տարվա առաջնությանը ներկայացված նախագծերի որակը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, մենք տեսանք հրաշալի լուծումներով նախագծեր, որոնք ամբողջովին պատրաստ էին եւ կարող էին մտնել շուկա»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 
«Անցած տարի մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել էր, ինչը նշանակում է, որ խաղերի նախագծումը Հայաստանում դինամիկ զարգացող ոլորտ է»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջնությունը չունի տարիքային, տիպային եւ տեխնիկական սահմանափակում: Գրանցումը բաց է մինչ 2013թ. սեպտեմբերի 30-ը, մինչեւ հունիսի 10-ը գրանցվողները կստանան ժյուրիի խորհրդատվություն եւ հունիսին անցկացվելիք Digitec Business Forum-ին մասնակցելու հնարավորություն: Ժյուրիի կազմում են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ: