11:52 | 11.04.13 | Նորություններ | 1417

Համակարգիչների վաճառքներն աննախադեպ անկում են ապրել

Համակարգիչների վաճառքներն աշխարհում ս.թ. առաջին եռամսյակում նվազել են 14%-ով, ինչը խոշորագույն անկումն է 1994 թ-ից:

IDC hետազոտական ընկերության ուսումնասիրության համաձայն, 2013թ. հունվար-մարտին աշխարհում գնվել է 76.3 մլն համակարգիչ, ինչը վկայում է օգտագործողների՝ սմարթֆոններին եւ պլանշետներին զանգվածային անցում կատարելու մասին:

Ընկերությունը նշել է, որ իրավիճակը չի փոխել անգամ Microsoft-ի Windows 8 օպերացիոն համակարգը:

Բացի այդ, տնտեսական ռեցեսիան բազմաթիվ երկրներում ստիպում է ընկերություններին հետաձգել իրենց համակարգչային պարկերի թարմացումը. եթե նախկինում ընկերություններն Արեւմուտքում փոխում էին իրենց համակարգիչները միջինը 3 տարին մեկ, ապա հիմա՝ 5 տարին մեկ:

«Ցավոք, Windows 8-ի մեկնարկը ոչ միայն չօգնեց աշխուժացնել համակարգիչների վաճառքները, այլեւ անգամ դանդաղեցրեց շուկան: Windows 8-ը նախագծված է թաչ-սքրին դիսփլեյների համար, բայց այդ դիսփլեյներն ավելացնում են համակարգիչների գինը», - փաստում է IDC-ի փոխնախագահ Բոբ Օ’Դոնելը:

Աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրող Hewlett-Packard-ի համակարգիչների վաճառքները առաջին եռամսյակում նվազել են 24%-ով, սակայն մեծությամբ երկրորդ չինական Lenovo Group-ում վաճառքները կայուն են՝ ի հաշիվ Չինաստանում եւ այլ զարգացող երկրներում առաջին անգամ համակարգիչ ձեռքբերողների, հայտնում է IDC-ն: