17:03 | 28.03.13 | Նորություններ | 1395
Սինոփսիս Արմենիան եւ Ղարաբաղ Տելեկոմը Արցախում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթության խթանման նպատակով համագործակցություն են սկսում Արցախի պետական համալսարանի հետ:
Ինչպես հայտնել են Սինոփսիս Արմենիայի մամուլի ծառայությունում, ծրագիրը հնարավորություն կտա ԼՂՀ-ում աշխատուժի շուկային տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով եւ գործնական հմտություններով:
Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական եւ մագիստրոսական ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային եւ ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք: Այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով եւ ուսումնական նյութերով, ինչպես նաեւ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:
Ղարաբաղ Տելեկոմի կողմից հատկացված 28 մլն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի եւ ուսումնական պահանջներին եւ չափանիշներին համապատասխան կկահավորվի եւ արդիական քոմփյութերային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կվճարվի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը եւ հավասարեցված այլ վճարները:
Սինոփսիս Արմենիան համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա եւ համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական նյութերը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների եւ կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները եւ քննական հարցատոմսերը, ինչպես նաեւ առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը:
«Սինոփսիսը, որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են՝ ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Արցախի համալսարանի հետ համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը բացառիկ նշանակություն կունենա հանրապետությունում նորարարական միջավայրի ձեւավորման առումով», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: