13:21 | 27.03.13 | Նորություններ | 1422

«Կենգուրու» մրցույթին այս տարի կմասնակցի 39 500 աշակերտ Հայաստանից եւ Արցախից

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով դպրոցներում գարնանային արձակուրդները մինչեւ մարտի 31-ն երկարաձգելու պատճառով «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը Հայաստանում եւ Արցախում այս տարի կկայանա ապրիլի 4-ին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են Հայաստանում «Կենգուրու»-ի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը եւ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Այս տարի մրցույթի համար հոբելյանական տարի է, եւ գրանցվել են աննախադեպ ցուցանիշներ աշակերտների եւ դպրոցների թվով»,- ասել է Դավիթ Սահակյանը:

 «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական 5-րդ մրցույթին այս տարի մասնակցում է 912  դպրոց Հայաստանից եւ 48 դպրոց Արցախից, ընդհանուր առմամբ մրցույթին կմասնակցի 3-ից 12-րդ դասարանի 39 500 աշակերտ:

Մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնումը կլինի մայիսի վերջին: