17:56 | 13.03.13 | Նորություններ | 1877
Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մասնակցեց սույն թվականի մարտի 5-9 Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Պատվիրակության մեջ ներառված էին Locator, Instigate, X-Tech, LimeTech ընկերությունների, Նորաստեղծ Տեխնոլոգիական Ընկերությունների Ասոցիացիայի (ՆՏԸԱ) ներկայացուցիչները, հայտնել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ), որը համակարգում եւ ղեկավարում էր հայկական պատվիրակությունը:
ԻՏՁՄ տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանը այսօր Երեւանում տեղի ունեցած ասուլիսին պատմել է, որ hայկական պատվիրակությունը գործնական հանդիպումներ ունեցավ ավելի քան 250 ընկերությունների հետ Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բանգլադեշից, Չինաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից:
«Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող միջոցառումներին (DigiTec Business Forum, DigiTec Expo, ArmRobotics) արտասահմանյան գործընկերների մասնակցության, թե՛ գործընկերների կողմից Եվրոպայում կազմակերպվելիք միջոցառումներին Հայաստանի ներկայությունն ապահովելու վերաբերյալ»,- նշել է Վահան Հովսեփյանը:
Պատվիրակության կազմում ներառված մասնավոր ընկերությունները նույնպես ձեռք են բերել գործնական պայմանավորվածություններ, որոնց իրագործումը պետք է սկսվի անմիջապես պատվիրակության վերադարձից հետո:
Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT 2013 ցուցահանդեսին հնարավոր էր դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի աջակցությամբ: