13:37 | 06.03.13 | Նորություններ | 1100
Հայաստանի օրենսդրությունը չի նպաստում տեխնոլոգիական ձեռներեցության աճին, այսօր ասել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ Հովհաննես Ավոյանը:
«Մեր օրենսդրությունն ավելի շատ հարմարեցված է խոշոր բիզնեսի գործունեությանը: Խաղի կանոններն այնպիսին են, կարծես բոլորը հավասարազոր են, բացարձակ հաշվի չի առնվում սկսնակ ձեռնարկությունների բարձր ռիսկայնությունը»,- ասել է Միության նախագահը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ իր հերթին ասել է, որ խնդրի լուծման նպատակով Միությունը պատրաստել եւ կառավարությանն է ներկայացրել տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման հայեցակարգ, որը քննարկման փուլում է:
Ըստ ԻՏՁՄ ղեկավարների, Հայաստանում ոլորտի աճի կարեւոր խոչընդոտներից է նաեւ տեղական այլ ոլորտների կողմից տեխնոլոգիաների ցածր կիրառումը: «Այդ նպատակով կազմակերպվելու է «Business Innovation ֆորումը», որը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը Դիլիջանում: Առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին եւ տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձեւավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների եւ հանգստի համատեղման միջոցով կձեւավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար»,- ասել է Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, տեխնոլոգիաների կիրառմանն է նվիրված լինելու նաեւ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որը կկայանա հունիսի 21-22-ին: Ակնկալվում է, որ այն կունենա 50 մասնակից կազմակերպություն եւ ավելի քան 1500 այցելու:
2013 թվականին ԻՏՁՄ-ն շարունակելու է նաեւ իր ջանքերն՝ ուղղված տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը: Այս նպատակի իրագործմանն է նվիրված տասնօրյա ամառային «ԴիջիՃամբար» միջոցառումը, որը նախատեսված է նորարարական գաղափարներ ունեցող եւ դրանք իրականություն դարձնել ցանկացող 18-30 տարեկան երիտասարդների համար: Միջոցառման մեկնարկը կլինի սույն թվականի հուլիս ամսին:
Միության կողմից կազմակերպվող Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի խոշորագոււյն տեխնոլոգիական միջոցառումը՝ միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը, այս տարի կկայանա հոկտեմբերի 4-ից 6-ը: