13:30 | 06.03.13 | Նորություններ | 973

ԻՏՁՄ նախագահ. Որակյալ մասնագետների պակասը ՏՏ ոլորտի աճի հիմնական խոչընդոտն է

Որակյալ մասնագետների պակասը Հայաստանի ՏՏ ոլորտի աճի հիմնական խոչընդոտն է, այսօր ասել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը:

Այսօր Երեւանում ներկայացնելով ԻՏՁՄ 2013թ. ծրագրերը` Հովհաննես Ավոյանն ասել է, որ միության համար առաջնահերթ նպատակ է տարեկան մի քանի հազար ՏՏ նոր մասնագետների ներհոսքի ապահովումը ոլորտ:

«Հայաստանյան ազգային ճարտարագիտական լաբորատորիաների օրինակով կստեղծվի լաբորատորիաների համախումբ, որն ուղղված կլինի ծրագրավորման և այլ ՏՀՏ գիտելիքների զարգացմանը: Նախատեսվում է, որ վերոհիշյալ ծրագրերի արդյունքում 2 տարի անց տեխնոլոգիական ոլորտում կարտադրվեն բարձր որակավորմամբ 3000-4000 մասնագետներ»,- ասել է ԻՏՁՄ նախագահը:

Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ իր հերթին ասել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ներհոսքը խթանվելու է նաեւ դպրոցներում ռոբոտաշինական խմբակների բացմամբ: «Արդյունքում դպրոցն ավարտած երեխաներն արդեն պատրաստի ծրագրավորողներ կլինեն եւ կկարողանան աշխատանք գտնել առաջին կուրսից»,- ասել է Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա, դպրոցից պատրաստ երեխաների առկայությունը զգալի ճնշում կգործադրի բուհերի վրա, որոնք այլեւս չեն կարողանա դասավանդել հնացած մեթոդիկայով եւ ստիպված կլինեն քայլել ժամանակին համընթաց: