16:20 | 04.03.13 | Նորություններ | 3988

Երեւանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը

Անցած շաբաթ օրը Երեւանում կայացավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի հանդիսավոր բացումը:

Փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ ԱրմենՏելի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ, հայտնել են ընկերությունում:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Պայմանավորված վերը նշվածով Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերը անդրադառնում են ջրային թեմային:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիսատեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ եւ տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջեւ կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Ջրային պաշարների հետ կապված մտահոգությունները բավականին լուրջ քննարկվում են ամբողջ աշխարհում  եւ այն արդիական է նաեւ Հայաստանում: Մենք բոլորս շատ ենք սիրում մեր երկիրը եւ հոգ ենք տանում շրջակա միջավայրի հանդեպ, իսկ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում մեզ այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ շատ կարեւոր է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվեն ոչ միայն մասնագիտացված կազմակերպություններ, այլ նաեւ մշակույթի ներկայացուցիչները»,- նշել է ԱրմենՏելի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում մարտի 2-ից  7-ը «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 16:00-ին եւ 18:00-ին, իսկ մարտի 8-ից 10-ը «Նաիրի» կինոթատրոնում` ժամը 14:30-ին եւ 16:30-ին կցուցադրվեն բրիտանացի կինոգործիչների կողմից ստեղծված 9 ֆիլմեր: Մուտքն ազատ է: