13:26 | 01.03.13 | Նորություններ | 3685

ՎիմպելԿոմը կհամագործակցի MasterCard-ի հետ բջջային վճարումների ասպարեզում

Փետրվարի 26-ին Բարսելոնում ընթացող շարժական կապի համաշխարհային համաժողովում ՎիմպելԿոմ ընկերությունների խումբը եւ MasterCard-ը հայտարարել են  ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Հայաստանում ՎիմպելԿոմի սեփականությունն է հանդիսանում ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ):

Համագործակցության շրջանակում աշխարհի 18 երկրում MasterCard–ը ՎիմպելԿոմի օգտատերերին կառաջարկի վճարման լավագույն նորարարական լուծումներ, հայտնել են Արմենտել-ում:

Նոր սերնդի օգտատերերին հասանելի կլինեն MasterCard-ի բջջային վճարումների նոր տեխնոլոգիաները, որոնք, ըստ ցանկության, կարող են նաեւ կցված լինել բաժանորդի բանկային հաշվին: Ծրագրի փորձնական փուլը կմեկնարկի Իտալիայում այս տարի եւ հասանելի կլինի Wind Italy ցանցի բաժանորդներին:

«Մենք կիսում ենք մեր առկա եւ ապագա բաժանորդներին հարմարավետ եւ ապահով վճարման տարբերակներով ապահովելու տեսակետը: Այս համագործակցությունը միաժամանակ հնարավորություն կընձեռի մեզ բարելավելու հաճախորդների սպասարկման որակը` առաջարկելով նրանց լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, հաշիվների վճարումը կամ բջջային ծառայությունների վաճառքը»,- նշել է ՎիմպելԿոմի կոմերցիոն եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը:

MasterCard Europe-ի ռազմավարական համագործակցության գծով նախագահ Հենի Ֆամը նշել է. «Համագործակցելով ինտեգրված ծառայություններ մատուցող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկի` ՎիմպելԿոմ-ի հետ, MasterCard-ը առաջարկում է բջջային վճարումների նոր տարբերակներ, որոնք կընդլայնեն ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ամբողջ աշխարհում»:

ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեղլոյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ MasterCard-ի հետ գործընկերությունը կտարածվի ՎիմպելԿոմ-ի ներկայության բոլոր երկրների վրա, սակայն Հայաստանի վերաբերյալ հստակ ժամկետներ դեռ չկան: