15:38 | 28.02.13 | Նորություններ | 3111

ԱրմենՏելը աջակցում է Բրիտանական ֆիլմերի փառատոնին

Հայաստանում Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-ից 11-ը:

Բրիտանական 9 ֆիլմեր Մոսկվա եւ Նաիրի կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաեւ մարզերում:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ, հայտնել են ընկերությունում:

Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպվելու են դասընթացներ եւ մրցույթներ, փառատոնը կշրջի նաեւ երեք մարզում` առաջին անգամ ընդգրկելով ՀՀ տարբեր անկյուններում տեղակայված զորամասերը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 15.00-ին Մոսկվա կինոթատրոնում «Ակվարիում» ֆիլմով: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում եւ BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Մարտի 2-ից 7-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (16.00-ին անգլերեն, իսկ 18.00-ին՝ հայերեն ենթագրերով), իսկ մարտի 8-ից 10-ը՝ Նաիրի կինոթատրոնում (14.30-ին անգլերեն, իսկ 16.30-ին՝ հայերեն ենթագրերով): Մուտքն ազատ է:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր՝ նվիրված թեմայի բարձրաձայնմանը: Իսկ մարտի 11-ին Երեւանում փառատոնի փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ:  Այնուհետեւ մրցույթի ֆիլմերը կցուցադրվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ուր եւ Բրիտանական խորհուրդը, եւ ԱրմենՏել-ը կպարգեւատրեն դրանցից լավագույնների հեղինակներին: