16:17 | 14.02.13 | Նորություններ | 1238

ABCDomain-ը հաստատել է հաքերային գրոհը իր սերվերների վրա

ABCDomain հայաստանյան դոմենների հաշվեգրող ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է իր սերվերի վրա հաքերային հարձակումը, որը, ըստ ընկերության, տեղի է ունեցել փետրվարի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում:

Ընկերությունը հայտնում է, որ գրոհի հետեւանքով չարագործներին հայտնի են դարձել 97 դոմենային անունների գաղտնաբառեր, մինչդեռ այսօր Pastebin.com կայքում հրապարակվել է am. տիրույթի 9615 դոմենների գաղտնաբառ եւ user ID:

«Ընկերության ներխուժումների հայտնաբերման համակարգի միջոցով գողացված գաղտնաբառերի օգտագործումն օպերատիվ կերպով արգելափակվել է:
Չարագործների կողմից գաղտնաբառերի հրապարակումը որևէ կերպ չի կարող օգտագործվել դոմենային անունների կամ կայքերի տվյալների փոփոխության համար:
Վերոնշյալ 97 դոմենային անունների օրինական իրավատերերի կողմից գրանցման տվյալների փոփոխման դեպքում համակարգը կպահանջի իրականացնել նոր գաղտնաբառի ամրագրում, ընդ որում նոր գաղտնաբառը կուղարկվի դոմենային անվան գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

ԷյԲիՍիԴոմեն ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հավաստում է, որ արդեն իսկ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: