Ռալֆ Յիրիկյանն ու Հասմիկ Պողոսյանը
13:52 | 12.02.13 | Նորություններ | 3020
Երեւան/Մեդիամաքս/. 2013 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար կհատկացնի 1,2 մլրդ դրամ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ներկայացնելով ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության այս տարվա ծրագրերը:
Կարեւորելով մշակութային ոլորտը՝ նա ասել է, որ մշակույթը հասարակության ինքնության պատկանելիության հենասյուններից մեկն է: Ռալֆ Յիրիկյանն այլ ընկերություններին հորդորել է “ձեռք մեկնել” հայկական մշակույթին, որպեսզի “մենք արագ քայլերով գնանք դեպի զարգացում”:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իր հերթին, տեղեկացրել է, որ այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի “Սայաթ-Նովա” մյուզիքլը, կնշվի Արամ Խաչատրյանի 110-ամյակը, ամերիկյան ընկերության կողմից կնկարահանվի ֆիլմ կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի մասին, բացի այդ կֆինանսավորվեն մի շարք երաժշտական փառատոններ:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր գործունեության տարիների ընթացքում ընդհանուր առմամբ մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 6,5 մլրդ դրամ, որոնցից 952 մլն դրամ՝ 2012 թվականին: